Posted in Հայրենագիտություն

Շիրակի մարզ

Մարզկենտրոնը`   Գյումրի

Մարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Ախուրյանի շրջան, Արթիկի շրջան, Անիի կամ Մարալիկի շրջան,
Ամասիայի շրջան, Աշոցքի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   3 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   116 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   127 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   2681 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 01.07.2010թ.ի տվյալների)`   281.4 հզ.

Շիրակի մարզը արտաքին սահման ունի հարևան երկու պետության`   Թուրքիային և Վրաստանին: Աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից է նաև այն, որ Վրաստանի տարածքը`   Շիրակի մարզին հարող պետական սահմանի ամբողջ երկայնքով հիմնականում հայաբնակ է:

Շիրակի մարզն իր անունը ստացել է պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Շիրակ գավառից, որն ավելի ընդարձակ տարածություն էր գրավում:

Մարզի բնական պայմանները և հարստությունները

Շիրակի մարզում է գտնվում Աշոցքի սարահարթը, որի բարձրությունը 1800-2200 մետր է: Աշոցքի սարահարթում օդի բացարձակ նվազագույն ջերմաստիճանը իջնում է մինչև -46°: Դա Հայկական լեռնաշխարհի «ցրտի բևեռն է»: Այստեղ է գտնվում Արփի լճի ջրամբարը:

Երկրակեղևի շարժումները Շիրակում տակավին շարունակվում են: Անցած դարում տեղի են ունեցել 1926 և 1988 թվականների ավերիչ երկրաշարժերը:

Մարզի միակ խոշոր գետը Ախուրյան գետն է, որը սկիզբ է առնում Արփի լճից: Գետի ակունքի վրա կառուցվել է ամբարտակ, և բնական լիճը վերածվել է ջրամբարի: Թուրքիայի հետ սահմանային տեղամասում Ախուրյանի վրա կառուցվել է Ախուրյանի ջրամբարը, որը խոշորագույնն է Հայաստանում:

Մարզի տարբեր մասերում հանդիպում են ուրարտական սեպագիր արձանագրություններ, տարբեր ժամանակների բերդերի ու ամրոցների ավերակներ, կամուրջների հետքեր, այլ հնություններ: Պետական սահմանից այն կողմ, Թուրքիայի տարածքում, ընդամենը մի քանի կմ-ի վրա երևում են Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիի ավերակները:

Մարզի բնակչությունը

Շիրակի բնակչության թիվը և ազգային կազմը մեծ փոփոխություններ են կրել հատկապես վերջին հարյուրամյակներում: Հայ Բագրատունիների թագավորության անկումից հետո (որի մեջ էր մտնում մարզի ներկա տարածքը) Հայաստանը երկար ժամանակ դառնում է պատերազմական ակտիվ գործողությունների և օտար նվաճողների ասպատակությունների թատերաբեմ: Նվազում է հայ բնակչությունը: Ռուսաստանին միանալուց հետո Արևմտյան Հայաստանից վերաբնակված հայության մի զգալի մասը հաստատվում է այստեղ և մեծացնում բնակչության թվաքանակը:

Բնակչությունը մեծ կորուստներ է կրել 1918 և 1920 թվականների թուրքական կրկնակի բռնազավթման ժամանակ, երբ զավթիչների կողմից կատարվել են խաղաղ բնակիչների զանգվածային կոտորածներ: Տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին կամ արտագաղթեցին 1988թ. երկրաշարժի պատճառով:

Աշխարհագրություն

Մարզի տարածքում են գտնվում Արփի լիճ-ջրամբարը, Ախուրյանի ջրամբարի հայկական հատվածը և Մանթաշի ջրամբարը։ Շիրակի մարզի կենտրոնական և հարավային հատվածում տարածվում է Շիրակի դաշտը, իսկ հյուսիսային շրջանում`   Աշոցքի սարահարթը, միաժամանակ Շիրակի մարզում են տարածվում Փամբակի, Բազումի լեռնաշղթաների, Եղնախաղի, Ջավախքի, Արագածի լեռնազանգվածների մի մասը։ Շիրակի մարզը հայտնի է տուֆի, պեմզայի, կրաքարի հանքերով։

Տնտեսություն

Շիրակի մարզի գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքում առանձնանում են`   հացահատիկի մշակումը, կարտոֆիլագործությունը, բանջարաբուծությունը և կաթնատու անասնապահությունը։ 2009 թ. մարզում անասնագլխաքանակը հետևյալ կառուցվածքն է ունեցել`   խոշոր եղջերավոր կենդանիներ`   93.6 հզ, մանր եղջերավոր կենդանիներ`   71.6 հզ, խոզեր`   10.3 հզ, թռչուններ`   250.0 հզ, ձիեր`   0.5 հզ: 2009 թ մարզում արտադրվել է 89 739 տ կարտոֆիլ, 74 648 տ հացահատիկ։

Leave a comment